Այսօր լրանում է Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան տարելիցը: Ամերիկայում գտնվող նրա հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ Ֆլորա Մարտիրոսյանի երեխաները, քույրը եւ քրոջ որդին եկել են Հայաստան տարելիցի առթիվ:

Նրա ամուսինը չի կարողացել գալ առողջական խնդիրների պատճառով:

Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները կայցելեն նրա շիրիմին, նախատեսվում է նաեւ հոգեճաշի արարողություն:

Նշենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի հիվանդանոցում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, մեղադրյալներն ազատության մեջ են: Մեղադրյալի աթոռին են հայազգի բժիշկը, նրա օգնականը, բուժքույրը եւ վիրահատությանը մասնակցած մի շարք անձինք, գործով պետք է հարցաքննվի 20 վկա: Մեղադրյալներից ոչ մեկը ձերբակալված չէ, եւ հնարավոր է չձերբակալվեն: Թեեւ նախաքննությունը ապացուցված է համարել, որ սիրելի երգչուհու մահը բժշկի սխալի հետեւանք է, բայց նույնիսկ այդ պարագայում եւ այժմ եւս բժիշկը շարունակում է աշխատել: Նա չի ընդունել իր մեղքը, ընդամենը ասել է՝ «մենք ամեն ինչ արեցինք, բայց չստացվեց»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա 55 տարեկան էր: