Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորված բժիշկ, 36-ամյա Վահագն Մադոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու խնդրով նոյեմբերի 20-ին կայանալիք նիստը հետաձգվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 36-ամյա գինեկոլոգ Վահագն Մադոյանի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:
Նա նշեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ դատավորի մայրն էր մահացել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 25-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ, 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Նշենք, որ Վահագն Մադոյանը հայտնի գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդին է: Նրա հայրը մի քանի անգամ դատվել է, առաջին անգամ նա դատվել էր երիտասարդ կնոջը մայրանալու հնարավորությունից զրկելու համար, իսկ երկրորդ անգամնրա սխալ գործողությունների արդյունքում կինը մահացել էր: Առաջին քրեական գործի շրջանակներում նա տուգանվել էր նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով,իսկ երկրորդ անգամ դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել էր համաներում եւ ազատ էր արձակվել:




























