Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 20-ին, կքննվի կալանավորված բժշկի փաստաբանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու խնդրով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 36-ամյա գինեկոլոգ Վահագն Մադոյանի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:
Նա ներկայացրեց, թե ինչպես է եղել միջադեպը: «Ինքը ուզեցել է մեքենան շենքի դիմացից տեղափոխել շենքի բակը, այդ ժամանակ ոստիկանները, այսինքն՝ քաղաքացիական համազգեստով անձինք, ոչ ոստիկանական մեքենայով ոչ էլ ԳԱՅ-ի աշխատողներ, կանգնել են նրա հետեւին, ասել, թե ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում է արել, պահանջել, որ ինքը մեքենայից դուրս գա, ինքը հրաժարվել է դուրս գալ մեքենայից: Ասում են, թե ներկայացել են որպես ոստիկաններ, բայց ինքը պարտավոր չէր հավատալու, որ իրենք ոստիկաններ են, որովհետեւ համապատասխան հագուստով եւ մեքենայով չեն եղել, իրենց ասելով, թե վկայական են ցույց տվել, բայց մութ է եղել, ինքը մթության պատճառով չէր կարող տեսնել, բարձր ձայնով ասել են, թե իրենք այսինչ մարդիկն են, բայց ինքը պարտավոր չէր հավատալու նրանց եւ ենթարկվելու նրանց կարգադրություններին: Հետո քաշքշոց է եղել, որի հետեւանքով ոստիկանները իր ձեռքերը ոլորել են, սեղմել են մեքենային ու այդպես մոտավորապես մեկ ժամից ավել սպասել, մինչեւ ոտսիկանության մյուս աշխատակիցները գան, ինքը ասել է, որ ծանր վիրահատություն ունի կատարելու, որ հանկարծ իր ձեռքերը չվնասեն, բաց թողեն, բայց որեւէ մեկը իրեն չի լսել: Խփել, ծեծելու մասին որեւէ տեղեկություն րունեմ»,- պատմեց փաստաբանը:
Նա նշեց, որ տեսել է Վահագն Մադոյանին, նա գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, վիճակը նորմալ է: Թամարա Յայլոյանը ասաց նաեւ, որ իր պաշտպանյալը 2-րդ կարգի հաշմանդամ է:
Փաստաբանը նաեւ նկատեց, որ իր պաշտպանյալին վերագրվող արարքը միջին ծանրության հանցագործություն է, իսկ կալանքի սանկցիան երկու նպատակ է հետապնդում՝ որպեսզի անձը չդիմի փախուստի եւ չխոչընոտի նախաքննությանը, «հիմա ինքը բժիշկ մարդ, ամեն օր վիրահատություն է կատարում, ոնց եք պատկերացնում, որ ինքը պետք է թողներ իր կարիերան, աշխատանքը, տունը, տեղը եւ փախներ Հայաստանից գնար, որ նախաքննությունը իրեն չգտներ, դա աբսուրդ է»: Նա նաեւ շեշտեց, որ ավելի ծանր հանցագործությունների համար կալանքի սանկցիա չեն տալիս, ինչպես եղավ, որ այս դեպքում կալանքի սանկցիա ընտրեցին: Մի կողմից, նա շեշտեց, որ Հայաստանում դատարանները խուսափում են մերժելու նախաքննության մարմնի միջնորդությունը, ինչ խափանման միջոց բերում են, 90 տոկոսի դեպքում դատարանը բավարարում է: Նա տարակուսանք է հայտնում այս առնչությամբ, թե ինչի բժշկի նկատմամբ միջին հանցագործություն որակվող արարքի համար ընտրվում է հենց կալանքը: Փաստաբանի կարծիքով՝ այս ամենը ոստիկաններին պաշտպանելու նպատակ է հետապնդում:
Իսկ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քննչական բաժնից հերքեցին, որ ոստիկանները քաղաքացիական հագուստով են եղել, վկայական ցույց չեն տվել եւ ծեծել են բժշկին:
Նշենք, որ Վահագն Մադոյանը հայտնի գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդին է: Նրա հայրը մի քանի անգամ դատվել է, առաջին անգամ նա դատվել էր երիտասարդ կնոջը մայրանալու հնարավորությունից զրկելու համար, իսկ երկրորդ անգամնրա սխալ գործողությունների արդյունքում կինը մահացել էր: Առաջին քրեական գործի շրջանակներում նա տուգանվել էր նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով,իսկ երկրորդ անգամ դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել էր համաներում եւ ազատ էր արձակվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:





























