ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ շաբաթ կներկայացնի իր երկրի միջուկային զինաթափման նոր քաղաքականությունը, գրում է The Times թերթը։
Համաձայն թերթի՝ Օբաման լրջորեն մտածում է ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից միջուկային զենքի դուրսբերման մասին։
Ներկայումս ԱՄՆ-ը իր միջուկային զինանոցը պահում է Թուրքիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում։ Այդ երկրներում պահվում է B 61 տիպի ավելի քան 200 միջուկային ավիառումբ։
Hurriyet թերթի տվյալներով, Թուրքիայի Ինջիրլիք բազայում կա ամերիկյան 90 միջուկային ռումբ, որոնցից 40-ը թուրքական, 50-ը՝ ամերիկյան զինված ուժերի հսկողության ներքո։
Սակայն, ինչպես հայտնում է The Times-ը, ԱՄՙՆ չի կարող միայնակ նման որոշում կայացնել, քանի որ այն պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Իմիջիայլոց, Գերմանիան եւ Հոլանդիան պահանջում են շուտափույթ կերպով իրենց տարածքներից դուրս բերել ամերիկյան ռումբերը։




























