Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ստուգումներ է սկսել նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություններում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ ստուգումները ՊՈԱԿ-ներում, անց են կացնում նախարարության աուդիտորները, դրան հնարավոր է հետեւեն նաեւ պաշտոնանկություններ: Հատկանշական է, որ աուդիտորական բաժին նախարարությունը չի ունեցել, դա ձեւավորվել է վերջերս եւ միանգամից անցել է գործի, թե շուրջ 15 տարի պետական միջոցները որտեղ են ծախսվել:

Այժմ ստուգումներ են կատարվում մի շարք մարզադպրոցներում, որոնց ղեկավարները շունչները պահած սպասում են դրանց արդյունքներին: Թե ինչով է պայմանավորված ՊՈԱԿ-ներում նման ստուգումների մեկնարկը, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: