Դրամի արժեզրկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի արտահանման ծավալների վրա։ Այս մասին ապրիլի 2-ին կայացած ասուլիսում կարծիք է հայտնել ՀՀ բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ ավելացնելով, որ դրամի արժեզրկումը տեղի է ունենում շուկայական մեխանիզմների համաձայն, այսինքն՝ առաջարկի ու պահանջարկի համապատասխանությամբ։
Ըստ նրա՝ մոտ 15 օր առաջ արտարժույթի շուկայում ստեղծված խուճապի պարագայում դրամը բավականին կայուն վարքագիծ դրսեւորեց, ինչը տնտեսության համար դրական ազդեցություն կունենա։
«Շուկայում դրական դինամիկա կա, դոլարի փոխարժեքը 415 դրամից իջել է 400-ի»,- նշեց Ղուկասյանը՝ զերծ մնալով դոլարի եւ դրամի փոխարժեքի հետագա տատանումների կանխատեսումից։
ՀԲՄ նախագահը, անդրադառնալով Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվող գնաճին, նշեց, որ այն կախված կլինի տարվա երկրորդ կիսամյակում տնտեսական ակտիվությունից եւ տրանսֆերտների քանակից։
Հիշենենք, որ այս տարի գնաճը, ըստ կանխատեսումների, կազմելու է 6-7 տոկոս, սակայն շատ տնտեսագետներ համաձայն չեն ներկայացված պաշտոնական կանխատեսման հետ։



























