Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Բագրավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Բագրավան գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ասատրյանը դպրոցին պատկանող Տ-40 մակնիշի տրակտորը առանց թույլտվության եւ տրակտորի իրական արժեքը մասնագետի կողմից որոշելու, 2006թ. այն 300 000 դրամով վաճառել է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ Ա. Ղուկասյանին, իսկ գոյացած գումարը` յուրացրել:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ուղարկվել ոստիկանության Շիրակի քննչական բաժին` նախաքննություն կատարելու:




























