Կառավարող կոալիցիայում կառուցվածքային կամ կադրային փոփոխությունների կարիք չկա, եւ այդ հարցն, առհասարակ, օրակարգում ներառված չէ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով որոշ քաղաքական ուժերի կողմից կառավարող կոալիցիայի հասցեին հնչող մեղադրանքները։

Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում կառավարությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար անում է հնարավոր ամեն բան։ Կառավարության կողմից ձեռնարկված միջոցները, Մելիքյանի խոսքով, իրենց երկար սպասեցնել չտվեցին, ինչի ապացույցը վերջին երեք ամսում լավացած տնտեսական ցուցանիշներն են. «Իհարկե, Հայաստանը հետճգնաժամային շրջանի դժվարություններ է ապրում, բայց դա բնական է. նման վիճակ նկատվում է գրեթե բոլոր երկրներում»,- նկատել է նա։ Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում կոալիցիոն կառավարությանը քննադատող քաղաքական ուժերը, Մելիքյանը նկատել է. «Նրանց նպատակն իրավիճակի ապակայունացումն է»։

Նշենք, որ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը սուր քննադատության էր արժանացրել կոալիցիոն կառավարությանը՝ հայտարարելով, որ այն ճգնաժամ է ապրում։ Նա իշխանության գործունեությունն անարդյունավետ էր գնահատել եւ հույս էր հայտնել, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետեւություններ անի սրանից եւ գնա արմատական քայլերի։ Ավելի վաղ մեկ այլ հանրապետականի՝ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին սուր քննադատության էր ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։