«Արդեն իսկ սեփական ստվերից, առավել եւս՝ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներից սարսափող վարչախումբը ապրիլի 6-ին եւս, ինչպես բոլոր հանրահավաքների օրերին, ամեն ինչ անելու է մարդկանց հոսքը Երեւան խոչընդոտելու համար»։ Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
Ըստ կոնգրեսի պատասխանատուների՝ իշխանություններն այդ բանը անում են, մասնավորապես, հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, մարզերից Երեւան երթուղային տրանսպորտի աշխատանքը կանգնեցնելու միջոցով։ «Այս գործելակերպը կոպտորեն խախտում է մարդու իրավունքներից մեկը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը, որ ամրագրված է նաեւ Հայաստանի Սահմանադրության 25-րդ հոդվածում։ Դրանով խախտվում է նաեւ „Տրանսպորտի մասին“ ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք պատասխանատվություն են սահմանում ուղեւորների փոխադրումը կազմակերպող ընկերությունների համար։ Մասնավորապես, ըստ հիշյալ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի՝ „Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու, ինչպես նաեւ նշանակված վայր ուշ հասցնելու դեպքերում“»,- նշել են ՀԱԿ պատասխանատուները՝ կոչ անելով բոլոր համակիրներին, ովքեր այդ օրը կհանդիպեն տրանսպորտի աշխատանքի եւ Երեւան հասնելու հետ կապված այլ խոչընդոտների, անմիջապես տեղեկացնեն Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ, հնարավորության դեպքում՝ փաստերը ֆիքսած լուսանկարներով:



























