Ապրիլի 1-ին Բեյրութի ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում տեղի է ունեցել Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Լիբանանի մշակույթի նախարարության եւ Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով, իրականացվում է «Բեյրութը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք 2009» ծրագրի եզրափակիչ միջոցառումների շրջանակներում: Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես է եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:
Նա ընդգծել է հայ-լիբանանյան մշակութային համագործակցության կարեւորությունը, ներկայացրել մանրամասներ Մատենադարանի մասին, նաեւ Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել Լիբանանի մշակույթի նախարարությանը՝ աջակցության համար: Լիբանանի մշակույթի նախարարի ներկայացուցիչ, «Բեյրութը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք 2009» ծրագրի գլխավոր համակարգող Լեյլա Բարաքաթը ողջունել է ծրագրում Հայաստանի մասնակցությունը, նշել Լիբանանի հայ համայնքի դերակատարության նշանակությունը երկրի հասարակական կյանքում: Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը ներկայացրել է մանրամասներ 19 հին ձեռագրերի մասին: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են լուսանկարներ եւ տեսաֆիլմ Հայաստանի մասին, հնչել է հայկական դասական երաժշտություն:
Ցուցահանդեսին ներկա էին պաշտոնյաներ Լիբանանի կառավարությունից, հոգեւոր հայրեր, հայազգի նախարարներ եւ պատգամավորներ, դեսպաններ, մշակույթի գործիչներ, հայ համայնքի, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:




























