Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամի («Արմիքս») ստեղծման նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովը։

Հիմնադրամի նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջև հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների որակը:

«Արմիքս»-ի հիմնադրամի Կառավարման (հոգաբարձուների) խորհրդում ընդգրկված են ներկայացուցիչներ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից և «Ինտերնետ հանրություն» հ/կ-ից, ինչպես նաեւ ընտրվեցին անդամներ Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններից՝ «Օրանժ Արմենիա», «ADC», «Ucom», «Web», «Ապագա Թեքնոլոջիս», «GNC Alfa»: Ձայների մեծամասնությամբ խորհրդի նախագահ ընտրվեց «Web» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը։

Ամենակարեւորն այն է, որ մենք կունենանք Հայաստանում գործող ինտերնետ ծառայություն տրամադրող ընկերությունների միջեւ տրաֆիկ փոխանակելու ավելի հարմար եւ էժան եղանակ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Տոնեյանը՝ ավելացնելով, որ «Արմիքս» հիմնադրամի շնորհիվ ավելի որակյալ ինտերնետ ծառայություն ապահովելուց բացի, կբարձրանա նաեւ դրա հուսալիությունը։

«Այժմ արդեն այս նոր կառույցի շնորհիվ, եթե անգամ երկու ինտերնետ մատակարարող ընկերությունների միջեւ կապն ընդհատվի, միեւնույն է բաժանորդը կարող է կապ ունենալ»,- ասաց Տոնեյանը՝ ավելացնելով, որ այժմ հիմնադրամին միացող բոլոր ինտերնետ մատակարարող ընկերությունները կապված կլինեն միմյանց եւ փոխանակման կենտրոնին, եւ ստանալ ավելի արագ ինտերնետ, որը արդեն հուսալի կլինի վիդեոկոնֆերանսների եւ լրացուցչիչ այլ ծառայությունների համար։