6.55 մլն յուանի դիմաց (ավելի քան 1 մլն դոլար) Պեկինում վաճառվել է ծրար՝ Մաո Ցզեդունի ստորագրությամբ: Այն հասցեագրված էր ՉԺՀ ֆինանսների առաջին նախարար Բո Իբոյին եւ կուսակցական մեկ այլ կարեւոր գործիչ Ֆու Իշենին: Այդ մասին հաղորդում է « South China Morning Post» թերթը:

Թե ինչ էր հաղորդում ծրարում գտնվող նամակը, հայտնի չէ: Չինաստանում պատմական պաշտոնական փաստաթղթերն արգելված է հրապարակային վաճառքի հանել: «Սակայն այս սահմանափակումը չի տարածվում ծրարների վրա»,- մեկնաբանել են աճուրդի կազմակերպիչները:

Ծրարի վրա սեւաներկով Մաոյի հիերոգլիֆներն են՝ «Ֆու Իշենին ու Բո Իբոյին»: Դրա վրա կա նաեւ ՉԺՀ ազգային հեղափոխական ռազմական խորհրդի կարմիր կնիքը (1949-1954թթ. զինված ուժերի ղեկավարության բարձրագույն պետական մարմին):