Տոկիոյի շրջանային դատարանը մայրաքաղաքային ծննդատանը պարտադրել է 38 մլն իեն (380 հազ. դոլար) վճարել 60-ամյա բանվորին:
Ծննդատանը տղամարդուն շփոթել էին այլ նորածնի հետ: Ընտանիքը, որում մեծացել է տղամարդը, ապրել է սուղ պայմաններում՝ սոցիալական նպաստի հույսին:
Կարիքը նրան ստիպել է թողնել ուսումը եւ գործարանում աշխատել, որտեղ էլ մնացել է ամբողջ կյանքում: Տղայի իսկական ընտանիքը ապահովված է եղել, նրանց երեք երեխաներն էլ հիանալի ուսում են ստացել մասնավոր դպրոցներում, համալսարան են ավարտել եւ աշխատում են ճապոնական հայտնի ընկերություններում:
Իսկական ծնողներին այդպես էլ չտեսած տղամարդը դատի է տվել ծննդատանը՝ հիմնավորելով, որ իր կյանքը կարող էր այլ կերպ դասավորվել:
Դատավորը փոխհատուցման մասին որոշում է կայացրել՝ ընդունելով, որ հայցվորի կյանքը կարող էր այլ կերպ դասավորվել, եթե բժշկական սխալը չլիներ:
Դատարանը հաշվի է առել նաեւ կենսաբանական ծնողների բացակայության հետեւանքով կրած բարոյական վնասը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:





























