Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթը, որին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաեւ տարրական դպրոցների դասվարներ, անց է կացվում ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում` մարզային եւ հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում:
Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Հայր Վարդանը ողջունեց բոլորի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ անդրադարձավ մրցույթի նպատակին` խրախուսելու ուսուցչի եւ մանկավարժի աշխատանքը հայոց զավակների կրթության եւ դաստիարակության ազգային գործում, հայտնաբերելու այն ուսուցիչներին, ովքեր արժանի են մեծարանքի եւ գնահատանքի իրենց մարդակերտման վեհ առաքելության գործի մեջ: Հայր Սուրբը նշեց նաեւ, որ Եկեղեցին նմանօրինակ միջոցառումներով ու ծրագրերի իրականացումով կարեւորում է ազգային-հոգեւոր առողջ գիտակցությամբ երեխաների կրթության եւ դաստիարակության գործը` այդ առաքելության մեջ սերմանելով հայրենիքի ու Մայր Եկեղեցու հանդեպ հավատարմության ու պատասխանատվության գիտակցությունը:
Այնուհետեւ հանդիսության կազմակերպիչներին ու մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը եւ բարեմաղթանքերը փոխանցեց Մայր Աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես կարեւորել է կրթության նշանակությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ դարեր շարունակ հայոց վանքերը եղել են նաեւ դպրոցներ, մշակույթի ստեղծման եւ պահպանման կենտրոններ: Գեւորգ Սրբազանը երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հայ ուսուցիչների հանդեպ ցուցաբերած հայրախնամ, բարի վերաբերմունքի համար, ապա շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ ԿԳ նախարարությանը` հատկապես վերջին տարիներին Հայ Եկեղեցու հետ համագործակցության ոգին խորացնելու եւ զարգացնելու համար:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջույնի եւ շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Տիկին Հովհաննիսյանը ուրախությամբ ընդգծեց, թե անցկացվող մրցույթը վկայությունն է այն կարեւոր հանգամանքի, որ դպրոցը բարի, հանդուրժող եւ մեծ գիտելիքներով զինված մանկավարժների ձեռքերում է: Իր խոսքում նա մեծապես կարեւորեց համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու եւ ՀՀ ԿԳ նախարարության միջեւ, ինչպես նաեւ կրթության գործում երեխաների հոգեւոր դաստիարակությունը: Շնորհավորելով ուսուցիչներին մրցանակաբաշխության առիթով` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետն արդյունավոր աշխատանք մաղթեց նրանց:
Հանդիսության առիթով ՀՀ ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի անունից ուսուցիչներին շնորհավորեց նաեւ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը` կարեւորելով ուսուցչի աշխատանքը գնահատող ու խրախուսող ամենամյա այս մրցույթը:
Այնուհետեւ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ու տիկին Նարինե Հովհաննիսյանը հաղթող ուսուցիչներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգեւոր գրականություն եւ դրամական պարգեւներ:
Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռիտա Բոյախչյանը (Երեւանի թիվ 62 ավագ դպրոց), «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Նինել Սարգսյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի թիվ 2 ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Հրահատ Մուղդասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Բերդավանի միջնակարգ դպրոց) եւ Վանաձորի թիվ 1 դպրոցի դասվար Գայանե Թամազյանը (ՀՀ Լոռու մարզ): Երկրորդ մրցանակ ստացան յոթ, իսկ երրորդ մրցանակ` տասնչորս ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին ազգային եւ հոգեւոր երգերի կատարումներով ելույթ ունեցան Արարատյան հայրապետական թեմի «Զանգակներ» եւ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան երգչախմբերը:




























