Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում ներկա է գտնվել Մոսկվայում Երեւանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվել են  ցուցանմուշներ թանգարանի հավաքածուներից: Ի դեպ, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում այսօր պահպանվում են պատմության եւ մշակույթի շուրջ 1.300.000 հուշարձաններ, որոնք հավաքվել են ավելի քան 90 տարվա ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ցուցահանդեսի բացման առիթով Երեւանի  քաղաքապետին եւ ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում թանգարանի գլխավոր տնօրեն Սերգեյ  Արխանգելովը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին թանգարան այցելելու եւ ցուցահանդեսի բացմանն անձամբ մասնակցելու համար: Թանգարանի տնօրենը նաեւ նշել է, որ հայկական ցուցանմուշները թանգարանի կարեւորագույն ձեռքբերումներից են, եւ  Երեւանի օրերի անցկացումը եւս մեկ հրաշալի առիթ էր դրանք ռուս արվեստասեր հասարակությանը ներկայացնելու համար:

Այնուհետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սերգեյ Արխանգելովի ուղեկցությամբ շրջել եւ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին ու շնորհակալություն հայտնել նրան հայկական մշակույթի նկատմամբ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել է նաեւ հայ ժամանակակից նկարիչ Կայծ Վանիկյանի գործերը, ում աշխատանքներն, ի դեպ, այսօր ներկայացված են ԱՄՆ-ի, Իտալիայի, Ռուսաստանի եւ մի շարք այլ երկրների հայտնի թանգարաններում:

22 հայկական երիտասարդական կազմակերպություն ընդգրկող Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան եւս ցուցահանդեսին ներկայացել է երիտասարդ հայ տաղանդավոր նկարիչների աշխատանքների  ցուցադրությամբ: Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաեւ այդ աշխատանքներին ու շնորհավորելով երիտասարդներին՝ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել երիտասարդներին Երեւանում եւս ցուցադրությամբ հանդես գալու եւ ազգանպաստ ծրագրերի իրականացման  հարցում:

«Հայկական մոտիվներ» խորագիրը կրող ցուցահանդեսը գործելու է մինչեւ դեկտեմբերի 8-ը: