Ճանապարհներ փակելը վաղուց նորություն չէ Երեւանի եւ Հայաստանի համար, եւ Վլադիմիր Պուտինի այցը քիչ բան կփոխի։ Այս մասին նոյեմբերի 30-ին հայտնել է վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
«Մեկ այստեղ, մեկ այնտեղ փողոցներ են փակվում։ Օրինակ՝ Արշակունյաց պողոտան՝ մայրաքաղաքի գլխավոր ավտոճանապարհներից մեկը, երկու ամիս փակ էր ասֆալտածածկի վերանորոգման համար։ Անհասկանալի է, թե ինչու, քանի որ այն դրանից քիչ ժամանակ առաջ էին վերանորոգել։ Նման բանից հետո Պուտինի մեկ-երկու օրվա այցը արդեն սովորական է դիտվում», – հայտարարել է Է. Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ պաշտոնատար անձանց ուղեկցումը կարգավորվում է կառավարության հատուկ որոշմամբ։ «Ճանապարհները փակում են խիստ սահմանափակ անձանց համար՝ նախագահ, խորհրդարանի խոսնակ, կաթողիկոս։ Եվ իհարկե, պետության կողմից հրավիրված արտասահմանցի հյուրերի համար», – նշել է Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, թե այս անգամ կփակեն նաեւ Երեւանից Գյումրի տանող ճանապարհը, Հովհաննիսյանը պատասխանել է, որ դա էլ առաջին անգամ չի տեղի ունենում։ «Երբ մեր նախագահի ավտոշարասյունն անցնում է նույն այդ կամ որեւէ այլ ճանապարհով, այն դարձյալ փակում են», - հավելել է Հովհաննիսյանը։
Այնուամենայնիվ, ուղեկցող թիկնազորը երբեմն չարաշահում է ծառայողական պարտականությունները։ «Մի անգամ վարորդներից մեկը գանգատվեց, որ կանգնել է, երբ բարձրախոսով հրահանգ է լսել, սակայն իրեն ասել են, թե ուշ է կանգ առել։ Ոչ մի կերպ չեն ապացուցել, պարզապես խախտման մասին արձանագրություն են կազմել», – հայտարարել է Հովհաննիսյանը։





























