Մկրտիչ Մանուկյանը հիսուն տարի անց վերջապես լցրել է սրտում եղած դատարկությունը: Վերջերս նա հանդիպել է իր կապիտանի՝ այժմ արդեն թոշակի անցած գնդապետի հետ, ով անգնահատելի օգնություն էր ցուցաբերել, երբ Մանուկյանը ԱՄՆ-ի բանակի շարքային զինառայող էր: Այն ժամանակ շատ վատ էր անգլերեն խոսում, իսկ առաջիկայում դեռ պետք է ԱՄՆ քաղաքացիություն ստանար: Սակայն Ուիլյամ Վոլենբերգն օգնել է Մանուկյանին ամուսնանալ իր սիրեցյալի հետ, ում մանկուց էր ճանաչում:

Ինչպես գրում է «Ocala StarBanner»-ը,  82-ամյա Վոլենբերգը Քոլորադոյից եկել է Ֆլորիդա նահանգի Օքալա քաղաք, որպեսզի Երախտագիտության օրը հանդիպի Մանուկյանին, կիսվի հիշողություններով: Մանուկյանը, ով այժմ ավտոլցակայան ունի, տիկնոջ հետ երեք տղա է դաստիարակել եւ ունի յոթ  թոռնիկ: «Ես խոսք եմ տվել կապիտանին, եթե ինձ օգնի, ես Ամերիկայում իմյ ընտանիքը կստեղծեմ, նա կհպարտանա ինձնով,- հիշում է Մանուկյանը:- Մինչ այժմ չէի ասել կապիտանին, որ խոստումս պահել եմ»:

76-ամյա Մկրտիչ Մանուկյանը ծնվել է Սիրիայում, որտեղից նրա ընտանիքը 1960թ.-ին տեղափոխվել էր ԱՄՆ: «Ես խոստացել եմ Սիրիայում ամերիկյան դեսպանին, որ եթե օգնի ընտանիքիս միանալու համար մուտքի վիզա ստանալ, ես ծառայության կանցնեմ ԱՄՆ բանակու ու լավ զինվոր կդառնամ: Հայրս ԱՄՆ մեկնելու համար 35 տարի էր սպասել: Արդյունքում ես վիզա ստացա ու միացա ընտանիքիս: Անմիջապես բանակ զորակոչվեցի ու կատարեցի խոստումս»,- ասել է Մանուկյանը:

Մկրտիչը Անժելային ճանաչում է 5 տարեկանից, սակայն ԱՄՆ տեղափոխվելուց հետո բաժանվել էին: «Ուիլյամի կինը՝ Դորիս Վոլենբերգն անգլերենի դասեր էր ինձ տալիս: Մի անգամ հանձնարարեց շարադրություն գրել ու ես գրեցի «Ինչպես ինձ բաժանեցին սիրելիից» վերանգրով, իսկ միսիս Վոլենբերգը սրտին մոտ էր ընդունել: Նա հարցրեց,  ճիշտ է արդյոք ամենը»,- պատմել է Մանուկյանը: Արդյունքում Դորիսը դիմել է ամուսնուն, ով բազայի հրամանատարն էր:

Մանուկյանի խոսքով՝ հարսանիքի օրն ուշացել է պարեկային ծառայության պատճառով: Արարողությունից առաջ նկատել է, որ մատանիներ չկան ու մոտակա խանութից գնել է 15 դոլարի դիմաց: Բանակում երկու տարվա ծառայությունից հետո նրանք տեղափոխվել են Դեյթրոյթի շրջան, որտեղ աշխատել է վարսավիր, անշարժ գույքի վերավաճառող: Նա Օքալա է տեղափոխվել 1991թ.-ին, սակայն երբեք չի մոռացել «կապիտանին տված խոստման մասին»: