Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, քիչ առաջ բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Armenia today կայքի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը:
Նախնական տեղեկություններով՝ բերման են ենթարկվել Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Ակտիվիստները փորձել են ՄՄ Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ: Այս պահին ոստիկանները գտնվում են ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարանի մոտ, փորձում են մտնել նրա բնակարան:
Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ այժմ որպես փաստաբան գնում է Կենտրոնի ոստիկանություն:
Բերման է ենթարկվել նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը: Նշենք, որ կազմակերպությունն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 13-ին Ազատության հրապարակում կայանալիք բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն է:





























