5 ակտիվիստների նկատմամբ վարչական բերում է իրականացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է «ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վաղ առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել մի շարք ակտիվիստներ: Նախնական տեղեկություններով՝ բերման են ենթարկվել Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Ակտիվիստները փորձել են ՄՄ Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել՝ որեւէ կերպ չհիմնավորելով պատճառը:
Նշենք, որ ոստիկանները գնացել են ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարանի մոտ, փորձում են մտնել նրա բնակարան: Բերման է ենթարկվել նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը: Նշենք, որ կազմակերպությունն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 13-ին Ազատության հրապարակում կայանալիք բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն է:
Արգիշտի Կիվիրյանը՝ որպես փաստաբան, գտնվում է Կենտրոնի ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում եւ մայրաքաղաք Երեւանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Պուտինի այցի առիթով վաղ առավոտից փակ է Երեւանի Կենտրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով ամբողջ հանրապետությունում իրականացվում են լայնամասշտաբ միջոցառումներ: Մի շարք նախաձեռնություններ, ակտիվիստներ այսօր տարատեսակ բողոքի ակցիաներ են նախաձեռնել, նրանք տարբեր պաստառներ են փակցում Երեւանի կենտրոնում եւ այլն:





























