Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին Երեւանում ներկա է գտնվել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում: Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ եւ Տիգրան Մանուկյանները:
































