Ֆրանսիայի մայրաքաղաքից արտաքսված 19-ամյա Խաչիկ Խաչատրյանը, ում համար Փարիզում օրեր շարունակ բողոքի ցույցեր էին կազմակերպվում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, զորակոչվել է զինված ուժեր՝ ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ բանակ գնալուց առաջ փոքր խնջույք են կազմակերպել, սակայն ծնողները Փարիզից չեն եկել սուղ հնարավորությունների պատճառով:

Խաչիկ Խաչատրյանն ասաց, որ թեեւ առողջականի հետ կապված խնդիրներ կան, բայց միեւնույն է, նրան տանում են ծառության: Երիտասարդի տրամադրությունը նորմալ է, մտածում է՝ գնա, ծառայի 2 տարի եւ վերադառնա: Զորացրվելուց հետո Խաչիկ Խաչատրյանը մտադիր է նորից մեկնել Ֆրանսիա՝ շարունակելու ուսումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին եւ 18-ին ակտիվիստները Փարիզի փողոցներ են դուրս եկել՝ ընդդիմանալու Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբիրյանի արտաքսմանը, որին հանձնել են ոստիկանությանը, ինչպես նաեւ Հայաստանից 19-ամյա  ուսանող Խաչիկ Խաչատրյանի արտաքսմանը: Երթ մասնակիցները հայտարարում էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի դեմ ուղղված կոչեր՝ «Խաչիկին՝ Ֆրանսիա, Վալսին՝ Հայաստան», կամ «Վա՛լս, հեռացի՛ր»:

Այն ժամանակ, երբ շաբաթվա սկզբից Լեոնարդա Դիբիրյանը գործը լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում, Խաչիկ Խաչատրյանի գործը ուշադրությունից դուրս էր: Լիցեյի 19-ամյա ուսանողը արտաքսվել է Հայաստան, որտեղ նա պետք է նոյեմբերի սկզբից անցնի պարտադիր զինվորական ծառայության:«Կրթություն առանց սահմանների» ցանցի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ չափահաս ուսանողն է, որին ձախերի կառավարության օրոք հեռացնում են լիցեյից:

Ուսումնական հաստատությունների արհմիությունների ազգային միության գլխավոր տնօրեն Դանտե Բասսինոյի խոսքով՝ Հայաստան վերադառնալիս Խաչիկ Խաչատրյանին մի քանի ժամ ոստիակնները պահել են օդանավակայանում, որից հետո երեք օր մնացել էր հայրենի գյուղի ոստիկանական բաժանմունքում, ինչից հետո նրան դատական վերահսկողության ներքո ազատ են արձակել: Օգոստոսի 6-ի օրակարգի համաձայն՝ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար: