Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել 2013-2014 թթ. Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հրամանով սիգ եւ իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում 2013թ. դեկտեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը դադարեցվել է Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնել լճի առափնյա տարածքում եւ գետաբերաններում, ինչպես նաեւ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության, Ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ կազմակերպել ստուգայցեր: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է վերահսկողական ստուգայցեր կազմակերպել Սեւանա լիճը գոտեւորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում եւ լիճ թափվող գետերի վրա:
Հրամանագրով սահմանված միջոցառումները արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը եւ Գեղարքունիքի մարզպետարանը ստորագրել են որսի արգելման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիր:





























