Հայաստանի ինքնիշխանությունը մերթ Բրյուսելին, մերթ Մոսկվային զոհաբերող, ժողովրդին թալանող, նրա հարստությունը վատնող եւ օտարող, իր նյութապաշտությամբ եւ օտարամոլությամբ սեփական երկիրը թուլացնող, ազգային նորանոր սպառնալիքների պատճառ հանդիսացող անօրինական վարչախումբը եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանը ենթակա են անհետաձգելի իշխանազրկման: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Հայազն» կուսակցության վարչությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է
«Դրա փոխարեն ժողովրդի վստահությունը վայելող, ազգային նպատակներում հաստատակամ եւ վճռական կառավարության ձեւավորումը «Հայազն» կուսակցության հիմնական եւ առաջնահերթ նպատակներից է:
«Հայազնը» երբեք չի շեղվել ազգային ինքնիշխանության գերակայության, երկրի ինքնիշխանությունը սահմանափակող որեւէ վերպետական կազմավորմանը չանդամակցելու իր սկզբունքային ծրագրային դիրքորոշումից:
Դեկտեմբերի 2-ին «Հայազնի» բազմաթիվ անդամներ մասնակցել են, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հանուն Հայաստանի ինքնիշխանության, մասնավորապես` Եվրասիական համագործակցությանը եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ կազմակերպված ցույցին:
Օտար եւ տեղական լրատվամիջոցների առանձին մեկնաբանությունները, թե իբր ցույցի մասնակիցները կողմ էին եվրոպական ինտեգրացիային եւ դեմ Սերժ Սարգսյանի հրաժարականին, որ այն կազմակերպված էր բացառապես Պուտինի դեմ` արեւմտյան կամ իշխանական դրդմամբ` իրականությանը չեն համապատասխանում:
Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ «Հայազն» կուսակցությունը ազգային ինքնիշխանության համար նույնքան վտանգավոր է համարում, կտրականապես եւ «մաքսայինին» հավասար մերժում է Եվրոմիության հետ ասոցացվելը: Ինչպես նաեւ, «Հայազն» կուսակցությունը խիստ հրատապ է համարում երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը»:





























