Հայաստանի կառավարությունը բարեփոխումների լայն փաթեթ է իրականացնում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության առավել ամրապնդման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խթանման, ընտրական գործընթացների եւ համապատասխան օրենսդրության բարելավման, դատական համակարգի ամրապնդման եւ քաղաքացիական հասարկության դերի բարձրացման նպատակով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Կիեւում ընթացող ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է խաղում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման մեջ։
«Մեր սերտ աշխատանքը ԺՀՄԻԳ-ի եւ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ եւ համապատասխան առաջարկությունների իրականացումը շատ արդյունավետ է։
2013թ.-ի նախագահական ընտրությունները Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից գնահատվել են ընտրական գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին եւ ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխան։
Կցանկանայի նաեւ նշել մեր արգասաբեր համագործակցությունը ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ, որը ծրագրեր է իրականացնում բոլոր երեք չափումներում։
Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահող, անցած վեց ամիսների ընթացքում, ընդգծել է ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Կառուցելով ջանքերի համադրման վրա եւ խուսափելով կրկնողություններից, մեր երկու կազմակերպությունները կարող են ավելի լավ արդյունքների հասնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եւ խթանման առումով»,-ասել է նա:





























