Կիեւում ընթացող ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողովում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթն սկսել է Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ իր ցավակցությունները հայտնելով: «Ջերմորեն եմ հիշում այս մեծ եւ իմաստուն առաջնորդի եւ պետական գործչի հետ հանդիպումը Պրետորիայում»,-ասել է նա:

Նալբանդյանն իր ելույթում նաեւ նշել է.

«Աշխարհը, որում ապրում ենք եւ անվտանգության միջավայրը որում գտնվում ենք, փոխակերպվում են աճող արագությամբ. մենք պետք է արձագանքենք ընդհանուր մարտահրավերներին եւ գտնենք ճիշտ լուծումներ դրանց դիմակայելու համար։

Նախորդ տարին շատ առումներով կարեւոր էր` դրական քննարկումների եւ տեսակետների ներկայացման առումով։ Ես կցանկանայի մասնավորապես նշել «Հելսինկի+40» գործընթացը։ Մենք ընկալում ենք դա որպես գործընթաց` նպատակաուղղված ազատ, ժողովրդավարական, ընդհանուր եւ անբաժանելի անվտանգության համայնքի տեսլականի համապարփակ իրականացմանը, ինչպես որ նախանշվում է Աստանայի հռչակագրում։

Նախագահության կողմից «Հելսինկի+40»-ի վերաբերյալ Առաջընթացի զեկույցում ներկայացված տեսակետները եւ կատարված եզրակացությունները կարող են հիմք ծառայել ապագա հաջորդական Նախագահություններին` գործընթացը առաջ տանելու համար։

Մեր նվիրվածությունը առանց բաժանարար գծերի եւ փակ սահմանների անվտանգության միջավայրին կարեւոր մեկնարկային կետ է կազմակերպության բոլոր մասնակից պետությունների միջեւ հաշտեցման ուղղված տարաձայնությունների հաղթահարման եւ վստահության ամրապնդման համար։ Դա պետք է բացառի միակողմանի շրջափակումները, որոնք առկա են ԵԱՀԿ տարածքում։ Այս տարի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների փակումն արդեն երրորդ տասնամյակը թեւակոխեց։

Մեր կազմակերպության արդյունավետությունը մեծապես կախված է մեր հավաքական կամքից եւ բոլոր երեք չափումներում հավասար ու հավասարակշռված ձեւով մեր գործունեությունը առաջ տանելու կարողությունից։ 

Անվտանգության չափումը կարեւոր տեղ է զբաղեցնում մեր օրակարգում։ Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք Վիեննայի փաստաթղթի հետագա արդիականացման եւ բոլոր վստահության եւ անվտանգության ուղղված միջոցառումների լիակատար իրականացման համար։ Ինչ վերաբերում է սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի հետ կապված ներկայիս իրավիճակին, մենք պետք է փորձենք մերձեցնել մերձեցումները  համաձայնության հասնելու նպատակով:

Տնտեսական գործունեության եւ շրջակա միջավայրի միջեւ փոխկապվածությունն ակնհայտ է մեր առօրյա կյանքում։ Հայաստանը աջակցում է Շրջակա միջավայրի եւ անվտանգության նախաձեռնությանը եւ քայլեր է ձեռնարկում Բաց կառավարության գործընկերության շրջանակներում ստեղծել հանքարդյունաբերության էլեկտրոնային տվյալների բազա, որը կարող է ծառայել մեր տարածաշրջանում բնապահպանական հարցերի թափանցիկության մակարդակի բարձրացմանը:

Այս նախարարական հանդիպման օրակարգում նախատեսված մարդկային չափման շրջանակներում որոշումների ընդունումը կարող է լրացուցիչ գործիք հանդիսանալ ԵԱՀԿ տարածքում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Մարդկանց թրաֆիկինգը դեռեւս մնում է մարդու իրավունքների ամոթալի խախտումներից մեկը, որը պետք է աներկբա մերժվի: Հայաստանի ջանքերն այս հանցագործության դեմ պայքարում ըստ արժանվույն գնահատվել են մեր գործընկերների կողմից»: