Մարդու իրավունքների օրով նշվում է Ընդհանուր վեհաժողովի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման տարելիցը: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ ուղերձում:
«Այս տարի լրանում է նաեւ 20 տարին, ինչ շրջադարձային քայլ է ձեռնարկվել մարդու իրավունքները բոլորին հասանելի դարձնելու համար. դա Մարդու իրավունքների համաշխարհային խորհրդաժողովի կողմից Վիեննայի հռչակագրի եւ գործողությունների ծրագրի ընդունումն էր: Հիմնվելով ավելի քան 800 հասարակական կազմակերպությունների, ազգային ինստիտուտների, պայմանագրային մարմինների եւ գիտնականների մասնակցության վրա՝ անդամ երկրներն ընդունեցին հեռանկարային մի տեսլական եւ ստեղծեցին Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ)՝ դրանով իսկ իրականացնելով միջազգային հանրության վաղեմի երազանքը:
ՄԻԳՀԳ-ի 20-ամյա գործունեության ընթացքում՝ հինգ նվիրյալ Գերագույն հանձնակատարներ գլխավորել են Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը՝ մարդու իրավունքները գործն առաջ տանելով ողջ աշխարհում: Օգտագործելով մի շարք չափորոշիչներ եւ մեխանիզմներ՝ ՄԻԳՀԳ-ն պաշտպանում է զոհերին, ստիպում պետություններին կատարել իրենց խոստումները, աջակցում մարդու իրավունքների փորձագետներին եւ կառույցներին, եւ, աշխատելով 61 երկրներում, օգնում է պետություններին զարգացնել իրենց մարդու իրավունքների կարողությունները:
Մարդու իրավունքներին աջակցելը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից մեկն է, որին այն հետամուտ է լինում իր ստեղծման օրվանից իսկ: Այդժամ, ինչպես եւ հիմա, հաջողության գաղտնիքը անդամ երկրների քաղաքական կամքի մեջ է: Նախեւառաջ, պետություններն են, որ պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները եւ կանխել խախտումներն ազգային մակարդակով, ինչպես նաեւ ոտքի կանգնել, երբ որեւէ այլ պետություն ձախողում է կատարել իր հանձնառությունները: Միշտ չէ, որ սա հեշտ է, եւ անցած 20 տարիների ընթացքում մենք տեսել ենք ցեղասպանություն եւ միջազգային մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի սարսափելի եւ մեծամասշտաբ խախտումներ:
Նոր նախաձեռնության՝ «Իրավունքներն առաջնային ճակատում» գործողությունների ծրագրի կիզակետում է ՄԱԿ-ի համակարգի՝ վերահաս աղետների նկատմամբ կանխարգելման եւ արձագանքման բարելավումը: Ծրագրի նպատակն է նպաստել, որպեսզի ՄԱԿ-ի համակարգը եւ ողջ անձնակազմը ճանաչեն մարդու իրավունքների կենտրոնական դերը կազմակերպության ընդհանուր պատասխանատվության մեջ: Նախ եւ առաջ, դրա նպատակն է ուժեղացնել մեր արձագանքներն այնպիսի համատարած ոտնահարումների նկատմամբ եւ ավելին՝ հենվելով իրավունքահեն նախազգուշացումների եւ գործողությունների վրա կանխել նմանատիպ իրավիճակների ի հայտ գալն ընդհանրապես:
Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ, ցանկանում եմ կոչ անել պետություններին կատարել Վիեննայի խորհրդաժողովի ժամանակ իրենց տված խոստումները: Ես վերահաստատում եմ, որ ՄԱԿ-ի Քարտուղարությունը, Հիմնադրամներն ու Ծրագրերը պարտավոր են զգոնություն ու քաջություն ցուցաբերել մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Վերջապես, խոնարհվում եմ մարդու իրավունքների մերօրյա կարկառուն խորհրդանիշներից մեկի՝ Նելսոն Մանդելայի առջեւ, ում մահը սգի մատնեց ողջ աշխարհը: Նրա ցմահ հանձնառությունը մարդկային արժանապատվության, հավասարության, արդարության եւ կարեկցանքի նկատմամբ հավերժ կոգեշնչեն մեզ այնպիսի աշխարհ կառուցելու ճանապարհին, որտեղ բոլոր մարդու իրավունքները բոլորի համար են»,- նշել է Բան Կի Մունը:




























