Այսօր Ծաղկաձորում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկել է թրաֆիքինգի դեմ պայքարի լավագույն պրակտիկայի թեմայով սեմինար դատավորների, դատախազների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների համար:
ԵԱՀԿ գրասենյակից հայտնում են, թե սեմինարի ընթացքում դատական համակարգի ներկայացուցիչները եւ ոչ կառավարական կազմակերպությունների փորձագետները կքննարկեն թրաֆիքինգին առնչվող քրեական գործերի դատական պրակտիկան, ինչպես նաեւ կուսումնասիրեն, թե ինչպես են միջազգային իրավական գործիքները ներառվում թրաֆիքինգին վերաբերող դատական պրակտիկայում: Մասնակիցները նաեւ կկիսեն իրենց փորձը եւ կքննարկեն աշխատանքային թրաֆիքինգի դատավարությունների ժամանակ ապացուցման բեռի հետ առնչվող մարտահրավերները: Միջոցառումը վարում է Իտալիայից ժամանած փորձագետը, որը կներկայացնի իր փորձը, որպես դատախազ, ով զբաղվում է մարդկանց թրաֆիքինգի դեպքերով:
Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը նշեց. «Այսօրվա սեմինարը կարեւոր ներդրում է թրաֆիքինգի դեմ պայքարի 2013-2015 թթ.. ազգային գործողությունների ծրագրի իրականացման գործում: Այն հնարավորություն է տալիս մասնակիցներին վերլուծելուիրենց աշխատանքը մարդկանց թրաֆիքինգի հետ կապված դեպքերով, քննարկելու թրաֆիքինգի հետ առնչվող դատավարության առանձնահատկությունները եւ կենտրոնանալու մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության միջազգային լավագույն փորձի վրա»:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը հավելեց. «ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ողջունում է աշխատանքային խմբի վճռականությունը հասնելու օրենքի եւ կառավարման տարբեր դերակատարների մասնակցությամբ այնպիսի համակարգի, որը կաջակցի զոհերին եւ արագ կգտնի եւ կպատժի հանցագործներին: Այս սեմինարը պետք է օգնի մեր գործընկերներին բարելավելու իրենց կարողությունները թրաֆիքինգի զոհերի պաշտպանության, ինչպես նաեւ նրանց համար արդարության ապահովման գործում»:
Սեմինարը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի մաս է կազմում եւ իրականացվում է ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ:





























