Ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են իրենց նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներում առաջարկել։ Այս մասին CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է ԱԱԳ ներկայացուցիչ Ռիկ Լեգետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նրա՝ հարկավոր է մտածել Սնոուդենին գործարք առաջարկելու մասին. լռություն՝ ներում ստանալու դիմաց։ Լեգետը նաեւ նշել է, որ ներման համար Սնոուդենի կողմից լուրջ երաշխիքներ են հարկավոր։

«Այդ դեպքում երաշխիքներ են հարկավոր, որ մնացած տվյալները ապահովության մեջ կլինեն, եւ իմ պահանջներն այդ երաշխիքների վերաբերյալ շատ բարձր կլինեն։ Նրա կողմից պարզապես խոստումը բավարար չէ»,- ասել է Լեգետը։

ԱՄՆ-ի ԱԱԳ-ի տվյալով՝ Սնոուդենի տրամադրության տակ եւս 1,5 մլն չհրապարակված փաստաթուղթ կա։

Հիշեցնենք, ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը փախել էր ԱՄՆ-ից եւ գաղտնի տեղեկություններ հրապարակել։ Նա այժմ Ռուսաստանի տարածքում է, որտեղ ժամանակավոր ապաստան է ստացել։