Դատախազությունը 11 տարվա ազատազրկում է պահանջել Վրաստանի նախկին նախագահի որդու՝ 34-ամյա Ցոտնե Գամսախուրդիայի համար, որը մեղադրվում է հարեւանին սպանելու փորձի, նաեւ զենքի ապօրինի ձեռքբերման, պահելու եւ կրելու համար, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

Դատախազության որոշման դեմ հանդես է եկել Մարդու իրավունքների համավրացական ընկերակցությունը:

Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, վկայակոչելով ընկերակցության նախագահ Գեորգի Կերվալիշվիլուն, անկախ փաստաբանները, փորձագետներն ու ընկերակցությունը վստահ են, որ առաջադրված մեղադրանքները անհիմն են եւ անհեթեթ:

«Գործում առկա են կեղծ վկաների ցուցմունքներ: Տուժածը՝ Դավիթ Բաջելիձեն, կտրականապես հերքում է, որ իրեն վիրավորել է Ցոտնե Գամսախուրդիան: Գործով որեւէ փորձաքննություն չի անցկացվել եւ չկա հանցագործության գործիքը»,- ասել է իրավապաշտպանը:

Նա կոչ է արել դատավոր Մերաբ Ջորբենաձեին ղեկավարվել արդար դատարանի սկզբունքներով եւ Գամսախուրդիայի համար արդարացման դատավճիռ կայացնել: «Հակառակ դեպքում մենք հարցականի տակ կդնենք դատարանի անկախությունը», ասել է իրավապաշտպանը: