Փորձագետները նշում են, որ Ղրղզստանում կայունությամբ շահագրգռված են ԱՄՆ-ը եւ Չինաստանը, իսկ ահա Ռուսաստանը խնդիրներ ուներ արդեն նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հետ:
Ղրղզստանում տեղի ունեցածի վերաբերյալ արդեն հասցրել են կարծիքներ հայտնել Ռուսաստանի նախագահն ու վարչապետը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ ամենակարևորը մարդկային նոր զոհերի բացառումն է և պետության կառավարման համակարգի վերականգնումը։ Թեեւ Մեդվեդեւը ընդգծել է, որ տեղի ունեցածը Ղրղզստանի ներքին խնդիրն է, սակայն, ըստ նրա, իշխանությունների դեմ բողոքի արտահայտման ձեւը շատ ծայրահեղական է եղել: «Ղրղզստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, այդ իսկ պատճառով ռուսական կողմը հատուկ ուշադրությամբ է հետևելու այդ երկրում իրավիճակի զարգացումներին»,-ասել է նա:
Իսկ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն էլ նշել է. «Երբ նախագահ Բակիեւը եկավ իշխանության, նա շատ կոշտ քննադատության էր ենթարկում նախկին նախագահ Ասկար Ակաեւին այն բանի համար, որ Ղրղզստանի տնտեսությունում շուրջ բոլորը նրա հարազատներն էին նստած: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ պարոն Բակիեւը կանգնում է նույն փոցխի վրա»:




























