«Մենք ձեզ հետ միասին պետք է առաջին անգամ հետեւենք, որ Հայաստանի խոշոր ձեռնարկությունները հրապարակային հաշվետվությամբ հանդես գան»,-այսօր` ապրիլի 8-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ արդեն հրապարակվել են 285 ձեռնարկությունների ցանկը, որոնք պարտավոր են այս տարի հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Սրանք այն ձեռնարկություններն են, որոնց շրջանառությունը 1 մլրդից ավել է եղել:
«Մեզ քննադատում են, որ մենք չենք կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն, եւ ես այն քննադատության հետ համաձայն եմ: Եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից, դա մեծ չարիք է պետության համար, որովհետեւ խարխլում է պետության հիմքերը, հնարավորություն չի տալիս փոքր ու միջին բիզնեսին զարգանալ մեր երկրում»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ մեկ ամսվա ընթացքում ֆինանսների նախարարությունը պարտավոր է հրապարակել իր վերլուծական աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ համեմատության մեջ ցույց տալով, թե խոշոր հարկատուների ցուցանիշներն ինչպիսին են եղել 2008 -2009 թվականներին:
«Կա մտավախություն, որ հիմնական հարկային բեռը ճգնաժամային տարվա ընթացքում ընկել է փոքր ու միջին բիզնեսի, այլ ոչ թե խոշոր բիզնեսի վրա: Եւ մենք պարտավոր ենք փարատել բոլոր կասկածները խոշոր ձեռնարկությունների վերաբերյալ»,-նշել է վարչապետը եւ հավելել, որ խոշոր ձեռնարկությունների դաշտում թափանցիկությունն ապահովելու ամենահզոր գործիքը հրապարակայնությունն է: «Եթե սրան ավելացնենք էթիկայի հանձաժողովների ձեւավորումը, որը հնարավորություն է տալու վերահսկողության տակ վերցնել պատգամավորներին ու նախարարներին ու թույլ չտալ, որ նրանք անմիջապես զբաղվեն բիզնեսով, կարծում եմ, որ մեր հասարակության մեջ վստահությունը խոշոր բիզնեսի նկատմամբ կավելանա, ինչի կարիքը մենք ունենք»,-հայտնել է վարչապետը:




























