Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով կատարել իր նախընտրական խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասված է ANCA-ի հաղորդագրության մեջ:
Նամակում, որ ստորագրված է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանի կողմից եւ հղված նախագահի ապրիլի 24-ից մի քանի օր առաջ, կոչ է արվում Օբամային կատարել խոստումն ու «սատարել այն քաղաքականությանը, որն արդարացի է, իրական եւ արժանի է ամերիկյան ժողովրդին»:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Մենք կոչ ենք անում Ձեզ, որպես մեր նախագահի, կատարել Ձեր պարտավորությունները: Մենք խնդրում ենք Ձեզ, որ հավատարիմ մնաք Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը: Մենք ուղղակի սպասում ենք, որ կսատարեք այն քաղաքականությանը, որն արդարացի է, իրական եւ արժանի է ամերիկյան ժողովրդին»:




























