ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ-ի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Խըդըր Սափարլիեւին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության լրատվական ծառայությունից, Տ. Սարգսյանը ներկա է գտնվել նիստի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Նա մասնավորապես նշել է. «Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Դրան նպաստում է նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք անցկացնում ենք Երեւանում, ինչպես նաեւ այսօրվա ցուցահանդեսի բացումը: Դա հնարավորություն է, որպեսզի հայ սպառողը եւս ծանոթանա այն ապրանքներին, որոնք այսօր լայն տարածում ունեն ողջ աշխարհում եւ որոնք արտահանում են մեր թուրքմեն բարեկամները: Վերջին տարիներին Թուրքմենստանի տնտեսությունը զարգանում է բավական բարձր տեմպերով, եւ նկատվում է կայուն աճ, հատկապես թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերությունում: Նաեւ շատ կարեւոր է հասկանալ` ինչպիսի ապրանքներ, ինչպիսի որակ են ապահովում այդ ձեռնարկությունները»:
Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով եւ ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված ապրանքատեսակներին:




























