Երեկվա միջադեպից հետո, Հայ ազգային կոնգրեսի անդամ Իզաբելա Սարգսյանն այսօր դատաբժշկական քննություն է անցել:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 7-ին Էրեբունի պլազայում, որտեղ անց է կացվում Մարդու իրավունքի համաշխարհային ֆեդերացիայի (FIDH) կոնֆերանսը, երիտասարդ իրավապաշտպաններ Իզաբելլա Սարգսյանն ու Լալա Ասլիկյանը փորձել են անգլիատառ պաստառ փակցնել պատին «Ազատություն 14 քաղբանտարկյալներին» գրությամբ: Այդ ժամանակ նրանց են մոտեցել մեկ կին եւ երկու երիտասարդներ, որոնք առանց ներկայանալու՝ քաշքշելով պատռել են պաստառը եւ հարվածել Իզաբելա Սարգսյանին: Այս ամենին ականատես են եղել համաժողովի մասնակիցները:

Պարզվել է, որ նրանք «Էրեբունի պլազայի» անվտանգության ծառայության աշխատակիցներ են, եւ երբ Իզաբելլա Սարգսյանը դիմել է ոստիկանություն, այդ երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն եւ գործին ընթացք է տրվել:

Իզաբելլա Սարգսյանի մոտ արձանագրվել է ձեռքի շրջանում կապտուկ, որից հետո նրան ուղարկել են նյարդաբանի մոտ, ով ասել է, որ ուղեղի ցնցում չկա: Նա ձեռքի շրջանում սուր ցավեր ունի: Դատաբժշկական քննության պաշտոնական եզրակցությունը կլինի վաղը` ապրիլի 9-ին: