ԵՄ քննարկում է ղարաբաղյան գործընթացում իր անմիջական մասնակցության հարցը։ Այս մասին ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

«Ես ողջունում եմ բոլոր կողմերի ջանքերը, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը»,- հայտարարել է Ֆյուլեն։

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքների ակտիվացումը, նրա խոսքով, ազդանշան է այն բանի, որ լուծում գտնելու համար կողմերն անում են ամեն բան. «ԵՄ աջակցում է այդ ջանքերին»։

«Եվրոպական հարեւանության երկրների չլուծված հակամարտությունները շարունակում են մեծ խնդիր մնալ մեզ համար։ Այդ է պատճառը, որ ես չեմ բացառում Եվրամիության՝ դրանց կարգավորման գործընթացներում ներգրավվածությունը»,- ասել է եվրահանձնակատարը։