Ադրբեջանի կողմից պրովոկացիաներ հնարավոր են, սակայն մեծամասշտաբ գործողությունները մեր երկրի տարածքում բացառվում են։ Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ղարաբաղյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։

Նման համոզմունքը նա բացատրեց փաստով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ սրանով իսկ ապահովագրել է իրեն. «Պատերազմի դեպքում, համաձայն պայմանավորվածության, ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պետք է աջակցեն մեզ»,- հիշեցրել է նա՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ զինամթերքի կուտակումը որեւէ լավ բանի չի կարող հանգեցնել. «Դուք լավ գիտեք, որ ըստ Ստանիսլավսկու, պատից կախված զենքը մի օր կրակում է։ Եթե Ադրբեջանում այս քանակությամբ զենք եւ զինամթերք է կուտակվում, եւ նման ռազմաշունչ հայտարարություններ են արվում, մենք չենք կարող ասել, որ ռազմական գործողությունները բացառվում են. պատերազմի հավանականությունը շատ մեծ է»,- նկատեց Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ տարածքների վերադարձի հետ կապված հարցերը բացառիկ դեպքում են խաղաղ ճանապարհով լուծվում։

Անդրադառնալով ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ ղարաբաղյան ազատամարտի հերոսը նկատեց, որ դրանք ի սկզբանե անհամատեղելի հասկացություններ են. «Դրանք ծայր բեւեռներ են, եւ այդ է պատճառը, որ այդ երկու սկզբունքները փակուղային իրավիճակի են բերել» ,- շեշտեց նա։

Ամփոփելով՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ ինքը ոչ մի կերպ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է վերադարձնել արյամբ վերցրած հողերը՝ չունենալով ոչ մի երաշխիք. "Չնայած քաղաքական եւ դիվանագիտական հայտարարություններին եւ գնահատականներին՝ ղարաբաղյան հարցի լուծումը պատկանում է մեր ժողովրդին, ով արյան գնով է պահել Ղարաբաղը ",- նշեց նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս սիրիական AL WATAN թերթին տված հարցազրույցին։

Հիշեցնենք, որ AL WATAN-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահը նշել էր, որ երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին` իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: