Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Թուրքմենստանի հետ առեւտրատնտեսական կապերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Խիդիր Սափարլիեւի հետ հանդիպմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սափարլիեւը Հայաստանում է համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը նշել է, թե Հայաստանը ակնկալում է, որ միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: ՀՀ Նախագահը կարեւորել է հանգամանքը, որ Սափարլիեւը նախկինում եղել է Թուրքմենստանի դեսպանը Հայաստանում եւ գործընկեր երկրի ճանաչողությունը լրացուցիչ դրական գործոն է հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու առումով:

Թուրքմենստանի փոխվարչապետը ՀՀ Նախագահին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ողջույնները: Փոխվարչապետ Սափարլիեւը միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստի աշխատանքը գնահատել է արդյունավետ եւ ասել, որ հստակեցվել են տնտեսության, մշակույթի, գիտության եւ կրթության, հումանիտար փոխգործակցության կոնկրետ ուղղությունները:

ՀՀ Նախագահը փոխվարչապետի միջոցով ողջույններ եւ Հայաստան այցելելու հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահին: