Դեկտեմբերի 17-ին ՀՀ Վարչական դատարանը մերժել է «Եկենք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության հայցն ընդդեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Հայցը վերաբերում էր հանձնաժողովի հունիսի 7-ի որոշմանը, որը նախաձեռնության անդամները ապօրինի են համարում, քանի որ հանձնաժողովի բաց նիստին ցանկություն են հայտնել մասնակցել 300-ից ավելի քաղաքացիներ, սակայն հանձնաժողովի անդամները թույլ չեն տվել և ոստիկանների օգնությամբ հեռացրել են նրանց:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար կանխատեսելի էր Վարչական դատարանի որոշումը: «Դատարանը մասնակցեց հերթական ավանտյուրային: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ դատարանները հանդիսանում են իշխանական հանցակազմի անդամ և վավերացնում են հանցավոր որոշումներ»:
Վարդան Հակոբյանի խոսքով` արդարադատության ոլորտում համակարգային ճգնաժամ է. «Դատարանը երբեք որևէ պետական մարմնի դեմ որոշում չի կայացնի, իրենց կարծիքով երբեք պետական մարմինները չեն կարող սխալվել»:
Վարդան Հակոբյանը ասաց, որ որոշում կայացնող դատավորները քրեական գործեր են նախապատրաստում իրենք իրենց դեմ. «Վաղը, մյուս օրը, երբ կարգերը փոխվեն և նոր իշխանություններ լինեն, այդ դատավորներն են կանգնելու օրենքի առջեւ»:
Հակոբյանի խոսքով` հետագա պայքարը Վարչական դատարանի որոշումը բողոքարկելու ուղիով են տանելու, որպեսզի տեսնեն, թե քանի դատավոր է պատրաստ «հանցակից դառնալ» իշխանություններին:
Քաղաքական ակտիվիստ Անի Կաղինյանն էլ ասաց, որ ՀՀ-ում արդարադատության համակարգը չի աշխատում. «Այս որոշումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ դատական համակարգը կոռումպացված է և անկախ չի գործում»,-ասաց Անի Կաղինյանը` ավելացնելով, որ իրենք 100%-ով վստահ էին, որ հայցը մերժվելու է:
Կաղինյանի խոսքով՝ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը 5 հոգու չի վերաբերում, այլ բոլորին, հետեւաբար բոլորը պետք է միահամուռ ուժերով պայքարեն:





























