ԿԺԴՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա Չան Սոն Թհեկի մահապատժից հետո անհետացել է նրա ազգականը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբորորդի 19-ամյա Կիմ Հան Սոլը:

Կիմ Հան Սոլն արդեն մի քանի օր է չի հայտնվել Ֆրանսիայի Գավր քաղաքի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ սովորում է 2013թ. աշնանից:

Բացի դրանից, դեկտեմբերի 14-ին Կիմ Հան Սոլի անունը ջնջվել էր ուսանողական հանրակացարանի իր փոստարկղից: Հարավային Կորեայի լրագրողներին չի հաջողվել նաեւ գտնել նրան  կամպուսի տարածքում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով չինական եւ հարավկորեական լրատվամիջոցները: 

Կիմ Հան Սոլը Հյուսիսային Կորեայի  առաջնորդի ավագ եղբայր Կիմ Չեն Նամի որդին է: ԿԺԴՀ-ի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը, որը երկիրը կառավարել է մինչեւ 2011թ. իր մահը, բավական  վաղուց ավագ որդուն կրճատել էր իր իրավահաջորդների ցանկից:  Դրանից հետո Կիմ Չեն Նամն ընտանիքի հետ Չինաստան էր գաղթել:

ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդի հորաքրոջ ամուսին  Չան Սոն Թհեկն ակտիվորեն զբաղվում էր Կիմ Չեն Նամի դաստիարակությամբ, երբ վերջինս երեխա էր, իսկ հետագայում աջակցել էր արտագաղթելու նրա որոշմանը:

Ըստ հարավկորեական լրատվամիջոցների՝ Կիմ Չեն Նամի ընտանիքին այժմ նույնպես վտանգ է սպառնում՝ նախկին հովանավորի պատճառով:

Հիշեցնենք, որ   Հյուսիսային Կորեայում երկրորդ ազդեցիկ մարդ եւ «գորշ կարդինալ» 67-ամյա Չան Սոն Թհեկը մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ մահապատժի ենթարկվել դեկտեմբերի 13-ին:

Ըստ դիտորդների՝ ԿԺԴՀ-ում հուզումները կապված են ամբողջ իշխանությունն իր ձեռքերում կենտրոնացնելու Կիմ Չեն Ընի փորձերի հետ: