2014-ին Հայաստանի ներկրողները ցանկանում են Ռուսաստանից գնել 300 հազար տոննա առանց տուրքերի նավթամթերք: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Նրա խոսքով՝ այդ թիվն առայժմ վերջնական չէ: Նկատենք, որ 300 հազար տոննան Հայաստանում տարեկան օգտագործվող ամբողջ նավթամթերքի գրեթե ամբողջ ծավալն է, մինչդեռ հիմա հայկական ներկրման հարցում Ռուսաստանի դերը կազմում է մոտ 30 տոկոս:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանում լսումներ են տեղի ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրերի մասին: Համաձայնագրի նախագծի համաձայն՝ ռուսական նավթամթերքը Հայաստան են ներմուծվելու առանց արտահանման տուրքերի՝ ամեն տարվա քվոտի սահմաններում՝ առանց վերավաճառքի իրավունքի:
«Հենց քվոտան սահմանվելու է հայկականողմի տարեկան հայտի հիման վրա: Հայտը ձեւակերպելու համար մենք պետք է, մեր հերթին, հայտեր ընդունենք հայ նավթամթերքներ ներկրողներից: 2014-ի հայտը պետք է պատրաստ լինի մինչեւ այս տարվա վերջ»,-հայտարարել է նախարարը:




























