Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր՝ դեկտեմբերի 17-ին խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քննարկվել են մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների կողմից  2014թ. բյուջեների կազմման գործընթացներին, մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսական վիճակին, ինչպես նաեւ պետական տարբեր ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող եւ այլ հարցեր:

Նշվել է, որ 2013թ. 11 ամիսների տվյալներով` մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 101,7 տոկոս,  հողի հարկի կատարողականը` 100,7, գույքահարկինը` 100,4 տոկոս:  Զեկուցվել է, որ ընթացքում են 2014թ. բյուջեների կազմման աշխատանքները, որոնք նախատեսվում է  ավարտել մինչեւ  դեկտեմբերի 20-ը:  Փոխվարչապետն ընդգծել է  ծախսերի  առավելագույն  արդյունավետ եւ նպատակային  պլանավորման կարեւորությունը ` մարզպետարանի  պատասխանատուներին միաժամանակ  հորդորելով անհրաժեշտության դեպքում մեթոդական  աջակցություն ցուցաբերել համայնքներին:

Քննարկվել են նաեւ  մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների  գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր:

Ներկայացվել է  նաեւ մարզի համայնքներում տեղեկատվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ  է տեղադրված  մարզի  97 համայնքներից  81-ում, որոնցից 78-ը նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժի  իրականացման հնարավորություն ունի: