Եվրամիությունը կողմ է Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ ավանդական առեւտրային հարաբերություններին: Այս մասին ԵՄ  հայտարարել է ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Եվրոպացի քաղաքական գործչի խոսքով՝ եթե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրերը համապատասխանում են պարտավորություններին, որոնք Ուկրաինան ստանձնել էր Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրում, ապա նման զարգացումը կարելի է միայն ողջունել:

«Մենք միշտ Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ ավանդական առեւտրային հարաբերությունների  պահպանման կողմնակիցն ենք: Եթե Ռուսաստանի հետ երկխոսությունները կարգավորում են ռուս-ուկրաինական փոխշահավետ առեւտրային հարաբերությունները, եթե այդ գործարքները համապատասխանում են  ուկրաինացիների կողմից նախաստորագրված  Ասոցացման մասին համաձայնագրով նախատեսված պարտավորություններին, ապա դա կարելի է միայն ողջունել», - նրա խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոն:

Եվրոպացի դիվանագետը նաեւ նշել է, որ Բրյուսելը Ուկրաինային Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ ընտրության առաջ չի կանգնեցրել:

«Ասոցացման մասին համաձայնագիրն Ուկրաինային «Ռուսաստան կամ Եվրամիություն» ընտրության առաջ չի կանգնեցնում»,- ընդգծել է Շտեֆան Ֆյուլեն: