Թուրք նախկին լրագրող, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Շամիլ Թայարը հայտարարել է, թե Թուրքիայում տեղի ունեցող սկանդալային ձերբակալությունները եւ լարվածությունները կազմակերպվում են օտարերկրյա հատուկ ծառայությունները։

Թուրքական T24.com կայքի հետ զրույցում Շամիլ Թայարը նշել է, թե աշխարհում նոր զարգացումներ են տեղի ունենում, որի համատեքստում դրսի ուժերին ձեռնատու չէ Թուրքիայի նոր դերակատարումը, որի պատճառով նրանք ցանկանում են Թուրքիայում ուղղումներ կատարել։

«Առանց Էրդողան Թուրքիա երազողների թիրախը թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, թե նախագահական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պարտություն է։ Այդ նպատակով են վերջին շրջանում տարբեր խաղեր բեմադրվում։

Դրանցից էին Գեզի այգու իրադարձությունները, Գյուլենի հատուկ դպրոցների փակման հետ կապված իրադարձությունները եւ վերջին աղմկոտ ձերբակալությունները։ Դրանք նպատակ ունեն ծնկի բերել Էրդողանին եւ իշխող կուսակցության դեմ ռազմավարական քայլեր են»,-ասել է Շամիլ Թայարը՝ պնդելով, թե համաձայն չէ այն մտքի հետ, թե Էրդողանի եւ Գյուլենի համայնքի միջեւ խնդիրներ կան։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։