2014 –16 թ. «ՀայՌուսգազարդ»-ը 27 միլիոն դոլար կներդնի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանն (ԳՍՊԿ) ընդլայնելու համար: Ընդլայնման ծախսերը նախատեսված են ընկերության  ներդրումային եռամյա ծրագրով: Ծրագիրը հաստատվել էր դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

NEWS.am-ի թղթակցին «Հայռուսգազարդ»-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ինժեներ Հրանտ Թադեւոսյանը հայտնել է, որ արդյունքում  գազապահեստարանի տարողունակությունը  ներկայիս 135 – 140 –ից կավելանա մինչեւ 150 միլիոն խմ: «Հայաստանում գազի պահեստավորման եւ սպառման անհրաժեշտ նվազագույն չափը կազմում է  100 – 110 միլիոն», - նշել է Թադեւոսյանը:

Ներկայումս, հավելել է նա, Հայաստանում օրական սպառում են 11 միլիոն խմ գազ, իսկ ցրտերին այդ ցուցանիշն աճում է: «Այսպիսով, ձմռանը, երբ վառելիքի պահանջարկն ամենաբարձրն է, պահեստավորված գազով ողջ հանրապետությանը կարելի է  ապահովել շուրջ երկու շաբաթ»:

Ըստ ներդրումային ծրագրի՝ 16 մՎտ հզորությամբ նոր կայանի եւ գազի երկու նոր հորերի շինարարության վրա 2014թ.  նախատեսվում է հատկացնել 249 միլիոն դրամ,  2015 – 16 թթ.՝ 2,4 եւ 8,5 միլիարդ դրամ:

Ծրագիրը նախատեսում է նաեւ   գործող ենթակառույցի արդիականացում, այդ թվում նաեւ 7 հորերի ընդլայնում, բաժանմունքներից մեկի վերանորոգում եւ այլն: Ընդհանուր առմամբ,  ընդլայնման եւ արդիականացման համար 2014-16թթ. կտրամադրվի  5,5 միլիոն դոլար

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն  (ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն) Հայաստանի գազաբաշխիչ միակ օպերատորն է: