«Սիթի»  եւ «Կայզեր» սուպերմարկետների ցանցը կոկորդիլոսի միս  չի ներկրի եւ վաճառի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատեր Արթուր Պետրոսյանը:

«Մենք կոկորդիլոսի միս չենք բերում, չենք էլ ուզում բերել»,- ասաց Արթուր Պետրոսյանը: Հարցին, թե  չեն ցանկանում այդ կերպ գովազդվել, թե դրա պահանջարկը չկա, Պետրոսյանն արձագանքեց. «Լավ է՝ չեք ասում, թե հնարավո՞ր է դուք էլ փղի միս բերեք: Չեմ կարծում, որ ժողովուրդը կոկորդիլոսի միս կգնի: Մենք ամեն տեսակի միս ունենք` ճագար, գառ, խոզ, տավար: Բայց, օրինակ, եղնիկի միս  չկա: Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, որ կոկորդիլոսի միս էլ են սուպերմարկետում վաճառում»:

Իսկ, երբ լսեց, թե կոկորդիլոսի միսն ինչ գնով է վաճառվելու, կատակեց.«Մտածելու տեղիք եք տալիս»: Նա միաժամանակ ավելացրեց, որ իրենք եւս նորություններ ունենում են ամանորի հետ կապված: «Ամեն տարի մեզ մոտ նորություններ լինում են եւ, բացի այդ, մեզ մոտ ամեն ինչ որակով է եւ մատչելի»,- ավելացրեց Արթուր Պետրոսյանը: 

Ավելի վաղ` «Հայկական ժամանակ» թերթը գրել  էր. «SAS սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է  ապխտած կոկորդիլոս, որ ինչ-որ մարդիկ պետք է գնեն եւ տեղադրեն իրենց Նոր տարվա սեղաններին՝ ըստ ամենայնի հաջորդ տարի կոկորդիլոս դառնալու ակնկալիքով: Պարզվում է՝ այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40:  Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին։ Այսինքն, եթե տոնական սեղանին 1000 դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում 3-ից ավելին գտնվեն, SAS-ը նորերը կներկրի»: