ՀԲԿ նարկոլոգիական կլինիկայում ստացիոնար բուժման մեջ գտնվող 36-ամյա Էդգար Եղոյանինը ինքնակամ դուրս է եկել կլինիկայից եւ մոտակա գերեզմանատանը իր համար թմրամիջոց է պատրաստել: Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
36-ամյա Էդգար Եղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, սեպտեմբերի 6-ին ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀԲԿ նարկոլոգիական կլինիկայում, ինքնակամ դուրս է եկել կլինիկայից եւ մոտակա գերեզմանատան տարածքում, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար «պիրալգին» դեղամիջոցի, սոդայի, բենզինի, յոդի լուծույթի խառնուրդից տնայնագործական եղանակով ապօրինի կերպով պատրաստել եւ իր մոտ ապօրինի պահել է 2 ներարկիչների մեջ լցված լուծույթը՝ դեզոմորֆին տեսակի թմրամիջոցը, որոնցից 1-ը նույն պահին օգտագործել է ներարկման եղանակով. իսկ մյուսը պահել է իր մոտ հետագա օգտագործման համար, որն էլ նույն օրը հայտնաբերվել է ՀԲԿ կլինիկայի հերթապահ բժիշկ Ա.Թումանյանի կողմից:
Քրեական գործ է հարուցվել 268 հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























