«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրը իր կայքում հրապարակում է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների նամակները՝ ուղղված Ձմեռ պապին։

Կարդալով նամակները՝ յուրաքանչյուրը կարող է դառնալ Ձմեռ պապ եւ կատարել մանուկներից մեկի ցանկությունը:

Սահմանամերձ գյուղերի մանուկները  Ձմեռ պապից ուզում են տաք վերարկու, բջջային հեռախոս, դհոլ, լուսանկարչական ապարատ, խաղաղություն կամ առողջություն ծնողների համար:

11-ամյա Լիպարիտ Գրիգորյանը, որը Տավուշի Նորաշեն գյուղից է, Ձմեռ պապից ժպիտներ է խնդրում, ու ցանկանում է, որ «իրենց գյուղի հայրերը չգնան ուրիշ երկիր աշխատելու»:

«Սիրելի Ձմեռ պապ, ես սիրում եմ իմ գյուղը: Ես երջանիկ եմ այստեղ, միայն թե...մեր գյուղում մարդիկ հազվադեպ եմ ժպտում: Մեր գյուղում կարոտում են: Ես կարոտում եմ իմ հայրիկին եւ եղբորս: Մեր գյուղի հայրերը համարյա գյուղում չեն: Կա մի երկիր, որտեղ գնում են աշխատելու: Սիրելի Ձմեռ պապ, խնդրում եմ այնպես արա, որ մեր հայրերը չգնան այդքան հեռու: Եղբորս կարոտում եմ նրա համար, որ նա զինվոր է: Իմ ամանորյա ցանկությունն այն է, որ հայրիկիս կարոտեմ ոչ թե ամիս, տարիներ, այլ ժամեր»,- Ձմեռ պապին ուղղված նամակում գրել է Լիպարիտը:

Վայոց Ձորի Խնձորուտ գյուղից 11-ամյա Փայլակն էլ իր նամակով Ձմեռ պապին խնդրում է, որպեսզի իր համար դհոլ բերի: Նամակում Փայլակը գրում է, որ Ձմեռ պապը նվերը բերելիս զգույշ լինի. «Դու մի քիչ զգույշ արի, որ քեզ վրա չհարձակվեն, որովհետև մեր գյուղից մեկ կիլոմետր այն կողմ մեր թշնամիներն են»։