«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին համաշխարհային ԶԼՄ-ներում ամենաքննարկվվող թեման այն է, թե ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը չստորագրելու դիմաց Ուկրաինային ինչ տվեց Ռուսաստանը։ Ուկրաինան ստացավ 15 մլրդ դոլարի վարկ եւ հասավ ռուսական գազի գնի 30 տոկոս նվազեցմանը։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դրանից ավելին չէր էլ ուզում։
Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի ձեռքում կար հզոր փաստարկ։ Դա Կիեւի կենտրոնում հավաքված մարդկանց հոծ բազմությունն էր՝ Եվրամայդանը։ Մի կողմից, իհարկե, Եվրամայդանը չափազանց մեծ անհարմարություններ է ստեղծում Ուկրաինայի իշխանությունների համար։ Մյուս կողմից, սակայն, չափազանց հզոր խաղաքարտ էր Յանուկովիչի ձեռքին Պուտինի հետ բանակցելիս։
Կիեւի կենտրոնում Եվրոպա ձգտող մարդկանց հոծ բազմությունը Պուտինին ստիպեց տալ այն ամենը, ինչ կպահանջեր Յանուկովիչը, որպեսզի վերջինս «դատարկ ձեռքերով» չվերադառնար Կիեւ եւ կարողանար թեկուզ մասամբ արդարացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելը։ Այսպիսով ընդամենը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դիմաց Ուկրաինան ստացավ այն ամենը ինչ ուզում էր։
Ո՞րն է տվյալ առեւտրում Յանուկովիչի ու Սարգսյանի տարբերությունը։ Ինչ խոսք, Ուկրաինայում գոյություն ունի եվրոպամետ ուժերի կոնսոլիդացիա, իսկ Հայաստանում այդ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում համախմբվել եւ այս տեսանկյունից Երեւանում «Եվրամայդան» լինելու հավանականությունը շատ քիչ էր։ Բայց ամբողջ զավեշտն այն է, որ Պուտինի՝ Հայաստան կատարած այցի օրերին Երեւանը վերածվեց կոնցենտրացիոն ճամբարի։ Երեւանի փողոցներում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ։ Ոստիկանները այնքան էին ոգեւորվել ամենավերեւից իջեցված «աջուձախ» բռնելու հրահանգով, որ նույնիսկ անչափահասներին էին փողոցներից հավաքում։ Նպատակը մեկն էր՝ որ հանկարծ Վլադիմիր Վլադիմիրովիչի ականջին չհասնի, թե Երեւանում գոնե 10 հոգի դեմ է Մաքսային միությանը։ Այսինքն, Սերժ Սարգսյանի ջանքերով ստեղծվեց պատկեր, որ ինքը բացարձակապես որեւէ դիմադրության չի հանդիպում Հայաստանը դեպի ՄՄ-ը տանելու ճանապարհին։ Այնինչ, քաղաքագիտական տրամաբանությունը հուշում է որ պետք է հակառակը լիներ։ Պուտինից շատ բան պոկելու համար Սերժ Սարգսյանը պետք է ցույց տար, որ հզոր դիմադրություն է հաղթահարում։ Իսկ եթե չկա դիմադրություն, ուրեմն ռուսներից ակնկալելու բան էլ չկա։ Այն ժամանակ, երբ Յանուկովիչը Մոսկվայում բանակցում էր Պուտինի հետ, Ուկրաինական ոստիկանությունը նույնիսկ չէր էլ մոտենում Եվրամայդանին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























