Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակների ստացման գործընթացը դյուրացնելու առաջարկով դիմել է կառավարությանը:

Այս առնչությամբ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Մի շարք հասարակական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակների տրամադրման գործընթացում առաջ են եկել խոչընդոտներ` կապված համապատասխան իրավական ակտերի կիրառման հետ:

Խնդիրն այն է, որ հաշմանդամի առողջական նկատառումներից ելնելով, նրան հասանելիք սայլակը կարող է ստանալ նրա հարազատներից որեւէ մեկը, ով մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Ընթացակարգի նման պահանջը, պարզվում է, որ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում սայլակ ստանալու գործընթացում հատկապես մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ստացման գործում նրանց հաճախ աջակցում են տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր չեն հանդիսանում տվյալ անձանց հարազատները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Պաշտպանին պարզաբանել, են որ հաշմանդամին սայլակը տրամադրելու կարգը նաեւ նրա հարազատի միջոցով, նպատակ ունի հեշտացնելու սայլակի բաշխման գործընթացը` հաշվի առնելով հաշմանդամի առողջական վիճակը: Իսկ մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով նախարարի հրամանով սահմանված է, որ սայլակների տրամադրումը կարող է իրականացվել նաեւ մարզպետարանների պաշտոնական գրության միջոցով:

Մարզպետարանները սայլակները ստանալու համար կարող են լիազորել նաեւ որեւէ հասարակական կազմակերպության ներկայացուցչի, որի նախադեպն արդեն կա: Այս դեպքում սայլակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման գործընթացը եւս կազմակերպում են մարզպետարանները` հաշմանդամ անձանց համար հեշտացնելով ողջ գործընթացը:

Դրա հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը սայլակների ստացման գործընթացը դյուրացնելու եւ ավելորդ խոչընդոտներից խուսափելու համար առաջարկել է փոփոխություն կատարել Կառավարության որոշման մեջ եւ «հարազատներից որեւէ մեկը» բառակապակցությանն ավելացնել «կամ լիազորված ներկայացուցիչը» բառակապակցությունը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսվող օրենսդրական փոփոխությունների ժամանակ կքննարկի Պաշտպանի օրենսդրական առաջարկությունը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշակի դժվարություններ է առաջացնում մեկ հանգամանք եւս: Կառավարության որոշմամբ նախատեսվում է, որ առաջին անգամ հաշմանդամություն ունեցող անձանց պարագաները տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան (ՎԱԾ) , իսկ նույն ՎԱԾ-ի հիման վրա երկրորդ եւ հետագա բոլոր անգամները սայլակի համար դիմելու դեպքում անհրաժեշտություն չկա ներկայացնելու այն:

Պաշտպանի աշխատակազմը, սակայն, հաշմանդամություն ունեցող մի շարք անձանցից տեղեկություններ է ստացել, որ հակառակ օրենքի պահանջին, սայլակի տրամադրման համար հաջորդ անգամները եւս հաճախ պահանջում են նրանց վերականգնողական անհատական ծրագիրը, որի բացակայության դեպքում անձը չի ստանում իրեն օրենքով հասանելիք սայլակը:

Այս առումով նախարարը Պաշտպանին տեղեկացրել է, որ սայլակների տեսականին բավականին ընդլայնվել է եւ դրանց հատկացումը նպատակային դարձնելու համար տարածքային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները ՎԱԾ-ում նշում են կոնկրետ սայլակի տեսակը, որն առավել հարմար է տվյալ անձին: Սայլակի տեսակի հետ կապված տարաձայնությունների դեպքում, սայլակ տրամադրող կազմակերպությունը նպատակահարմար է գտնում կրկնակի անգամ սայլակ ստացողին այն տրամադրել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից ՎԱԾ-ում կատարված գրառման հիման վրա: Այդ բացառիկ դեպքերում է, որ սայլակ ստանալու համար կրկնակի անգամ պահանջվում է ՎԱԾ»: