Հարավային Կովկասը տնտեսական համագործակցության խոստումնալից ներուժ ունի, դեկտեմբերի 19-ին «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային խորհրդաժողովի շրջանակում կազմակերպված «Հարավային Կովկասի պետությունների տնտեսական ինտեգրման առանձնահատկությունները» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության Էներգետիկ անվտանգության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հասան Սելիմ Օզերթեմը:
Թուրք փորձագետի խոսքով՝ տնտեսական ինտեգրացիան եւ տնտեսական համագործակցությունը նաեւ քաղաքական համագործակցության լայն հիմք են ստեղծում: Հարավային Կովկասի տարածաշրջանը լի է տնտեսական հնարավորություններով, հատկապես՝ եթե ներգրավվեն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպես նաեւ Ղազախստանն ու Թուրքմենաստանը:
«Հարավային Կովկասում երեք տեսակի տնտեսական ինտեգրացիա է առկա՝ երկկողմ, բազմակողմ եւ ինստիտուցիոնալ ծրագրեր: Երկկողմ համագործակցություն կա Հայաստանի եւ Իրանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Բազմակողմ ինտեգրացիայի օրինակ է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցությունը, իսկ ինստիտուցիոնալ ծրագրերի օրինակ է ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, Մաքսային միությունը», - ընդգծել է Հասան Սելիմ Օզերթեմը:
Սակայն նա նաեւ անդրադարձել է տարածաշրջանի խնդիրներին՝ նկատելով, որ Հարավային Կովկասում չլուծված խնդիրներ կան Հայաստանի եւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
«Սառեցված հարցերի պարագայում անհրաժեշտ է պահպանել ստատուս քվոն, տարածաշրջանում ընդհանուր հետաքրքրություններ զարգացնել: Մենք կարող ենք համագործակցության սեփական օրակարգ ստեղծել, դրա համար յուրաքանչյուր երկիր պետք է երկխոսություն սկսի գործընկերների հետ», - նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ քաղաքական ասպարեզում խաղացողները ոչ թե «ավագ եղբայրների», այլ գործընկերների կարիք ունեն:





























